Համացանցից կամ ձեր ընտանեկան գրադարանից մեկ-երկու առակ էլ դո՛ւ գտիր, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, դասարանում ներկայացրո՛ւ ընկերներիդ:
Խաղողի թփերն ու եղնիկը
Մի օր որսորդները բռնեցին եղնիկի հետքը և սկսեցին հետապնդել նրան: Եղնիկը ճարահատյալ այս ու այն կողմ էր վազվզում, երբ նկատեց խաղողի խիտ թփերը: Նա շտապեց թաքնվել դրանց մեջ, որպեսզի աննկատ մնա:
Եվ իրապես որսորդներն անցան ճանապարհի այդ հատվածով ու չնկատեցին եղնիկին: Եղնիկը զգաց, որ վտանգն անցել է, կարող է շունչ քաշել: Պատրաստվում էր հեռանալ, սակայն, չգիտես ինչու, կանգ առավ և ցանկացավ մի պատառ ուտել խաղողենուց: Խաղողի թփերին դիպչելիս այնպիսի՜ աղմուկ հանեց, որ որսորդներն իսկույն լսեցին ու շարանով հետ եկան: Եղնիկը միանգամից բացականչեց․
Առակը տալիս է կյանքի փոքրիկ դաս, որը պետք է սերտեն և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Իմաստուն միտքն ընթերցողին փոխանցելու համար հեղինակն օգտագործում է եղնիկի կերպարը, որն ապահով թաքստոց է գտնում խաղողի թփերում։ Բայց երբ վտանգն անհետանում է, փորձում է ոչնչացնել խաղողի տերևները։ Իհարկե, հետո գիտակցում է իր սխալն ու զղջում, բայց, ավաղ, արդեն ուշ էր։ Իրական կյանքում էլ է այսպես։ Որոշներն օգտվում են դիմացինի բարությունից ու նրան վճարում անշնորհակալությամբ կամ անգամ դավաճանությամբ։ Ընդամենը պետք է հարգել այն մարդկանց, որոնք դժվարին պահերին ձեզ աջակցել են, հոգ տարել ու անկեղծ խորհուրդներով օգնել։
Եղնիկը և առյուծը
Մի գեղեցիկ օր եղնիկը մոտեցավ գետակին: Տեսնելով իր արտացոլանքը գետակի ջրերում՝ ուրախացավ և հիացմունքով բարձրաձայն ասաց․
– Եղջյուրներս հզոր են, ոլորուն ու գեղեցիկ:
Հետո ոտքերին հայացք գցեց և մի փոքր տխուր ավելացրեց․
– Միայն ոտքերս են տգեղ ու վատը:
Այդ պահին հանկարծ հորիզոնում երևաց առյուծը՝ պատրաստվելով հարձակվել եղնիկի վրա: Եղնիկը դեռ չէր նկատել առյուծին, այնպես որ հանգիստ իջավ բացատ: Բայց երբ նկատեց՝ իրեն հետապնդում է առյուծը, վազեց ուղիղ անտառ: Ճանապարհին նրա եղջյուրները դիպան խճճված ճյուղերին: Եղնիկը չէր կարողանում առաջ գնալ: Հասկանալով, որ առյուծը հիմա բռնելու է իրեն, ասաց․
– Կարծում էի, թե ոտքերս են վատը, բայց արի ու տես, նրանց միջոցով էի հենց վազում ու փորձում փրկվել: Իսկ եղջյուրներս, որ այդքան գովաբանում էի, ոչ միայն չօգնեցին, այլև խանգարեցին:
Հեղինակն առակի միջոցով սովորեցնում է իմաստություն: Երբեք պետք չէ որևէ մեկին կամ ինչ որ մի բանին լիարժեք գնահատական տալ՝ առաջնորդվելով միայն արտաքին տեսքով: Պետք է նայել բոլոր կողմերից և չթերագնահատել: